Մեզնից յուրաքանչյուրը Սուրբ Սարգսի տոնը յուրովի է պատկերացնում, տոնում, բայց արդյոք մեր պատկերացումներն այս առանձնահատուկ տոնի անվանակրի մասին նո՞ւյնն են, արդյոք գիտե՞նք տոնի իսկական խորհուրդը:
Ս. Սարգիս զորավարի տոնը երիտասարդների օրհնության օրն է, և այն հռչակել է Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:
Ամեն տարի այդ օրը ժողովուրդը գնում է եկեղեցի, աղոթում` հայցելով ս. Սարգսի բարեխոսությունը, մասնակցում սուրբ պատարագին, իսկ երեխաները քահանայից ստանում են նաև մասնավոր օրհնություն` մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին հավատարիմ մնալու և Հայ եկեղեցու հավատարիմ զավակը լինելու համար:
Սարգիս զորավարն իր որդու` Մարտիրոսի, և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:
Ասում են` նահատակվելուց հետո Սարգսի մարմնի վրա լույս է ծագել: Նա հայերի ամենասիրված սրբերից մեկն է, և պատահական չէ, որ ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերել է Կարբի, այնտեղ կառուցել երանելու անունը կրող եկեղեցի: Սուրբը երիտասարդների սիրո արագահաս բարեխոսն ու սիրո երազանքների իրականացնողն է: Վերջինիս մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահա դրանցից մեկը:
Աղքատ աշուղ Ղարիբը սիրում էր մի մեծահարուստի աղջկա` Շահ-Սանամին: Վերջինս նույնպես սիրում էր նրան, բայց քանի որ աշուղն աղքատ էր, աղջկա հայրն արգելում է նրանց ամուսնությունը:
Աշուղ Ղարիբը որոշում է կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու, սակայն մինչ այդ նա սիրած աղջկանից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե անգամ մեկ օր ուշանա, աղջիկը թող ամուսնանա հոր կամքով: Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով` աշուղ Ղարիբը կարողություն է ստեղծում և բռնում տունդարձի ճամփան: Անցնում է բազմաթիվ փորձությունների միջով: Մոտենում էր վերջին օրը, սակայն նա դեռ երկար ճանապարհ ուներ անցնելու: Սիրած էակին հասնելու համար աշուղն աղոթում է ս. Սարգսին` հայցելով արագահաս սրբի օգնությունը: Վերջինս էլ, լսելով սիրահարված աշուղի աղոթքը, իր ճերմակ նժույգով իսկույն հայտնվում է նրա մոտ, աշուղին նստեցնում իր կողքին և մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամի մոտ: Աղջկա հայրը, տեսնելով նրանց սերն ու նվիրումը, օրհնում է նրանց միությունը:
Ս. Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով ու աղոթքով, այլև ժողովրդական սովորություններով, ինչը մեզանում նվիրական ավանդույթ է դարձել: Տոնին հայերն աղաբլիթ են պատրաստում: Երեկոյան չամուսնացած երիտասարդները, տղա թե աղջիկ, ուտում են մեկական բլիթ ու ջուր, թեյ, թան չխմելով` քնում: Գիշերը, երազում, երբ խիստ ծարավում են, նրանց ինչ-որ մեկը ջուր է տալիս, և հենց նրան էլ համարում են իրենց ընտրյալը: Առավոտյան արթնանում են, և յուրաքանչյուրը պատմում, նկարագրում է, թե ով է իրեն ջուր տվել, ուրախանում են, եթե իրենց սրտի ուզածն է եղել, իսկ եթե ջուր տվող չի լինում, խիստ հուսահատվում են, մտածելով, որ այս տարի էլ չեն հանդիպի իրենց կեսին:
Իսկ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով սկուտեղը տան տանիքին կամ պատշգամբում դնելը և դրա վրա սուրբ Սարգսի ձիու պայտի հետքին սպասելը: Իբրև թե սուրբը պետք է անցնի հրեշտակների ուղեկցությամբ, և ում սկուտեղի մեջ լցրած ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը: Այս սովորույթի ակունքն էլ է հին:
Ավանդության համաձայն` ս. Սարգիսն իր օրապահիկ աղանձը գրպանում` ութ օր կռվում է վրացիների դեմ: Այդ ընթացքում նրա գրպանում եղած աղանձը վերածվում է փոխինդի:
Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ ու քաղցրավենիք են նվիրում:
Վերջին տարիներին Սուրբ Սարգսի տոնը շփոթում են կաթոլիկ եկեղեցու Ս. Վալենտինի տոնի հետ: Հայ առաքելական եկեղեցու սրբադասման մեջ նման սուրբ չի հիշատակվում: Ավելին, հայ եկեղեցու հոգևորականներն այն կարծիքին են, որ Վալենտինին ընդհանրապես սրբերի շարքին չի կարելի դասել, քանի որ վերջինս պաշտպանել է հասարակության կողմից մերժված սերը:
Հայ երիտասարդներն օտար ու խորթ տոների փոխարեն պետք է սիրեն և տոնեն ազգայինը, մանավանդ որ հայկականն ավելի վեհ ու նվիրական է:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ